TGINSIGHT CHAT
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
@armenpress_am
News and media«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
Recent posts
Page 1 of 85 · 1,015 posts
Posted Apr 28
Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում կրակ բացած 31-ամյա ուսուցիչ Քոուլ Թոմաս Ալենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու փորձի համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Posted Apr 28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որով նախատեսվում է բացել Հորմուզի նեղուցը, իսկ միջուկային ծրագրի հարցը թողնել հետագա բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով քննարկումներից տեղյակ մի քանի աղբյուրի։ Ըստ այդ աղբյուրների՝ նախագահ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ ինքը գոհ չէ Իրանի վերջին առաջարկից։ Ավելին, Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկումը կենտրոնացած է եղել այն բանի վրա, թե ինչ լրացուցիչ ռազմական գործողություններ կպահանջվեն՝ ստիպելու Թեհրանին զգալի զիջումների գնալ բանակցություններում։ CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին, նույնպես հաղորդում է, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի այն ծրագիրը, որը վերջին օրերին ներկայացվել է ԱՄՆ-ին։
Posted Apr 28
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։ «Արմենպրես»-ի փոխանցմամց՝ այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Արթուր Ավանեսյանը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ: Նրա փաստաբանները հայտնել են, որ նա չի ընդունում մեղադրանքները։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս երեք համակիրներ։
Posted Apr 27
Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր» թեմայով պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանը նշել է, որ աշխարհում իրավիճակը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, և ներկայումս ձևավորվել է ավելի բարդ միջավայր, որտեղ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են։
Posted Apr 27
TRIPP նախագիծը շատ ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի և չի սահմանափակվում միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը անդրադարձել է TRIPP նախագծին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
Posted Apr 27
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին եռամսյակում 7.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Մարտին այս ցուցանիշը 11.6 տոկոսով բարձր է եղել փետրվարի և 6.6 տոկոսով՝ 2025 թվականի գարնան առաջին ամսվա տվյալից: Նշվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի գնահատականների սույն (ծրագրային) վերանայումները պայմանավորված են տարեկան ՀՆԱ-ի վերանայման ժամանակացույցով, ըստ որի 2024 թվականի հաշվետու տվյալներով և դրա հիման վրա 2025-ի վերանայված տվյալներով՝ տարեկան ՀՆԱ-ում (առանց արտադրանքի զուտ հարկերի և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների՝ ՖՄԱՉԾ) տնտեսական գործունեության տեսակների կշիռները ենթարկվել են փոփոխությունների: Դիտարկվող ժամանակահատվածում առավել մեծ աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 22 տոկոս: Շինարարության ծավալը գնահատվում է 95 մլրդ 640.1 մլն դրամ: Մարտին՝ մեկամսյա կտրվածքով աճը 34.4 տոկոս է, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 24 տոկոս: Մարտին իրականացվել է 41 մլրդ 686.4 մլն դրամի շինաշխատանք:
Posted Apr 27
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ: Էնթոնի Բանբըրին և Վահագն Հովակիմյանը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա համապետական և ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Posted Apr 27
Մայրաքաղաքում հանրահավաքին մասնակցելու համար գյուղի չափահասներին վճարել է 10 հազար, անչափահասներին՝ 5 հազար դրամ. Ոոստիկանություն Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելիս ապրիլի 23-ին պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում` անչափահասների` խոստանալով գումար: Այս գործարքն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները: «Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդն իրենց տան բակում չափահասներին վճարել է 10 հազարական, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ և խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Դեպքին անռնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։ Ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով: 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, նրա մոր և քրոջ նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:
Posted Apr 27
«Ուժեղ Հայաստան» կուսակցության չորս համակիր ձերբակալվել է։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։ «Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,-տեղեկացրին կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ է հրապարակել։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացել էին, որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը։
Posted Apr 27
Մոսկվայում և Մոսկվայի մարզում ձյան առատ տեղումների, մերկասառույցի և քամու պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: Ձնաբքի հետևանքով բազմաթիվ ծառեր են տապալվել, մեքենաներ վնասվել: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ վատ տեսանելիության պատճառով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 50 թռիչք է հետաձգվել: Մոսկվայի մարզի գրեթե հինգ տասնյակ բնակավայրերում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել: Առաջիկա մեկ օրվա ընթացքում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև: Վտանգի «նարնջագույն» մակարդակը կպահպանվի մինչև ապրիլի 28-ի ժամը 03:00-ն: Մինչև կեսգիշեր սպասվում են մինչև 10 մմ տեղումներ:
Posted Apr 27
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցի համաձայն՝ լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է՝ 2025-ի առաջին եռամսյակի համեմատ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ նվազում նկատվում է բոլոր ուղղություններով։ https://www.youtube.com/live/5ftOGfIUREA?si=TjmLOgaTtjEqxjVg
Posted Apr 27
«Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի կառավարության կողմից որևէ ֆինանսավորում չի ունեցել Այս մասին ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսին։ ««Կրթվելը նորաձև է» շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես բանախոս հանդես գալու ժամանակ և ոչ թե շարժումն է ֆինանսավորվել, այլ Կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ֆինանսավորվել ընդամենը։ «Կրթվելը նորաձև է» շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել և չի ֆինանսավորվելու։ Դա հասարակական շարժում է, հանրային շարժում է և չի ենթադրում ֆինանսավորում»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շարժումը ներկայում նույնիսկ չունի գրանցված մարմին, որը կիրականացներ հաշվապահություն և այլն։ Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամն ունի շարժմանն աջակցող ծրագիր, որը հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։