Գրառման բովանդակություն
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։ Թվում է՝ ի՞նչ մի տարօրինակ լուր է՝ նախագահ է, պետք է մշտական հանդիպումներ ունենա քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Սակայն Շահրամանյանի վերջին շրջանի լռության, փաստացի ընդհատակ անցնելու լույսի ներքո, այս հանդիպման փաստն ինքնին արդեն հուսադրող է։ Նշանակում է՝ Սամվել Շահրամանյանին բան չի պատահել։ Ողջ է։ Մնում է հուսալ, որ կենդանության նշաններ ցույց կտան նաև Արցախի պետական ինստիտուտները։ Մենք, իհարկե հասկանում ենք, որ տարատեսակ ճնշումների տակ գտնվող Արցախի իշխանությունները, ստիպված են որոշակի զգուշավորություն ցուցաբերել և հանդես գալ միայն խիստ հաշվարկված քայլերով։ Սակայն այդ քայլերի իսպառ բացակաությունը բացարձակապես անընդունելի է։ Հատկապես հիմա, երբ թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն կերպ ջանում է ոչնչացնել նաև Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովրդին պարտադրելով հրաժարվել Անկախության հռչակագրից, պատմությունից և նույնիսկ ինքնությունից, Արցախի նախագահն ու իշխանությունները պետք է ամբողջ աշխարհով աղաղակեին Ալիևի քաղաքականության իրական էության մասին։ Էլ չենք խոսում այն մասին, որ հայրենազրկված հարյուր հազար արցախցիներ այսօր բացարձակ անտերության են մատնված և անհամբեր սպասում են իրենց ղեկավարների՝ դրությունը քիչ թե շատ բարելավելուն ուղղված քայլերին։ Նման իրավիճակում Շահրամանյանի ու Արցախի այլ ղեկավարների լռությունը պարզապես հանցագործություն է։ Դավաճանությանը մասնակից դառնալուն հավասարազոր հանցագործություն։ @Կանչ