Գրառման բովանդակություն
Պաուլ Բոգդանը՝ նախկին քահանա Եզրաս Բոգդանը, բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. «Բաց նամակ. Պարոն Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ձերդ գերազանցություն, Իմ անունն է Պաուլ Բոգդան, նախկին քահանա Եզրասը, ով ծառայել է Ռումինիայի Հայոց թեմում։ Որպեսզի պարզ լինի, որ ես չունեմ որևէ գաղտնի օրակարգ, կասեմ, որ 16 տարի եղել եմ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր հովիվ։ Այդ կարգավիճակում ես կարգալույծ եղա այն քայլերի արդյունքում, որոնք ձեռնարկեցի եկեղեցական աստիճանակարգով՝ մինչև Էջմիածնի Սուրբ Աթոռ։ Այդ քայլերը, իմ համոզմամբ, կատարվել էին թեմի շահերից ելնելով, որտեղ ծառայում էի, և այն պահին, երբ իմ քայլերը համարվեցին անհիմն, ես հրաժարական տվեցի երկու պաշտոններիցս և Սուրբ Աթոռի որոշումը ընդունեցի վշտով, բայց որդիական սիրով՝ որպես մեր հազարամյա Եկեղեցու Սուրբ կանոններով տրված որոշում։ Ես չշարունակեցի պայքարը վարչական ճանապարհներով կամ Ռումինիայի դատական ատյաններում, որովհետև նման քայլը կնշանակեր պետության միջամտություն Սուրբ Եկեղեցու գործերին, մինչդեռ Հայ Եկեղեցին, իր կանոններով, ունի ամենաժողովրդավարական կառուցվածքը բոլոր գոյություն ունեցող եկեղեցիների մեջ։ Մեր Սուրբ Հայրերը, իրենց իմաստությամբ, դրեցին այս հաստատության հիմքերը՝ նրան շնորհելով այնպիսի հնարավորություն, որ անհրաժեշտության դեպքում բարեփոխվի ներսից, ոչ թե պետական իշխանության միջամտությամբ։